National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.02.2012
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 7

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննեսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օրենսդիր մարմնի ընտրություններն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով անցկացնել: Լսումներին ներկա էր ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Քննարկումներին մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկ ներկայացրել էին ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունները:

Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց քննարկումների ընթացակարգը:

Ողջունելով խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը իր խոսքում նշեց, որ միշտ էլ ընթանում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերին առնչվող քննարկումներ, որոնք ավելի արդիական եւ սուր բնույթ են ստանում նախընտրական ժամանակահատվածում: ԱԺ նախագահն ընդգծեց, որ այս ամիսների ընթացքում իրենք ուշադիր հետեւում են, թե ինչ հիմնավորումներ են բերում իրենց գործընկերները` առաջարկելով անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: «Ես ինձ համար առանձնացրել եմ երկուսը. առաջինը` արդար ընտրությունների անցկացումը եւ երկրորդը` կուսակցական համակարգի զարգացումը»,- ասաց պարոն Նիկոյանը: Նրա գնահատմամբ` ընտրական համակարգերը չպետք է դիտարկել առանձին, այլ պետական կառուցվածքի հետ փոխկապակցված: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` հստակ է, որ Հայաստանի համար մեծ շքեղություն կլինի երկպալատանի խորհրդարան ունենալը. մեր երկիրը միապալատ ընտրական խորհրդարան ունի, ինչը նշանակում է, որ այնտեղ միաձուլված են եւ մեծամասնական, եւ համամասնական ընտրակարգերի էլեմենտները: «Երբ ուսումնասիրում ենք աշխարհի փորձը, մոտավորապես 110 երկրի փորձ, բոլոր համակարգերը գործում են` եւ մեծամասնականը, եւ համամասնականը, եւ խառը կարգերը»,- պարզաբանեց ԱԺ նախագահը: Սամվել Նիկոյանի կարծիքով` ընտրությունների որակը կախված չէ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերից, ինչը ցույց է տալիս նաեւ մեր պետության փորձը:

ԱԺ նախագահը բնական է համարում, որ նախընտրական շրջանում յուրաքանչյուր արտախորհրդարանական քաղաքական ուժ հայտարարում է, որ ինքը անպայման ընտրությունների արդյունքում հայտնվելու է ԱԺ-ում, իսկ խորհրդարանական ուժերը` մեծացնելու են ներկայացվածությունը խորհրդարանում: «Բայց երբ հայտարարում են, որ եթե իմ հայտարարած տոկոսը չստացա, ուրեմն ընտրությունները կեղծված են, սրա հետ համաձայնել չենք կարող: Մնում է մեկ պնդում` արդար, օրենքին համապատասխան ընտրությունների անցկացում»,- հավելեց նա: Պարոն Նիկոյանն առաջարկեց եւ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական ուժերին ԱԺ-ի եւ ԱԺ նախագահի իրավասության շրջանակներում ստեղծել մի մարմին, որը իր իսկ ստեղծած ընտրական օրենսգրքի նկատմամբ կիրականացնի որոշակի վերահսկողական կամ մոնիթորինգի գործառույթներ: «Չմիջամտելով որեւէ պետական մարմնի կամ ՏԻՄ-ի գործերին, անկախ պետական մարմնի գործառույթներին` Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված իրավունքների շրջանակներում իրավահավասարության, հավասար ներկայացվության սկզբունքով մենք կարող ենք այդ հարցը քննարկել եւ ստեղծել գործուն մեխանիզմ, որպեսզի խորհրդարանը կարողանա խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի միջոցով դրական ազդեցություն ունենալ նախընտրական գործընթացների եւ բուն ընտրությունների վրա»,- ընդգծեց խորհրդարանի ղեկավարը: Ավարտելով խոսքը` պարոն Նիկոյանը հույս հայտնեց, որ  քննարկումները կանցնեն կառուցողական մթնոլորտում:

Հիմնական զեկույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը նախ պատասխանեց այն հարցադրումներին, թե ինչու՞ է հիմա բարձրացվում այս հարցը, եթե շուտ անդրադառնային այս հարցին, ապա առաջարկությունը ընդունելի կլիներ: Պարոն Ռուստամյանը հիշեցրեց, որ այս հարցը մաս էր կազմում այն օրենսդրական նախաձեռնության, որ ներկայացրել էր Դաշնակցությունը եւ որպես այլընտրանք քննարկվել իշխանության կողմից ներկայացված օրինագծին դեռեւս մեկ տարի առաջ եւ մերժվել մեծամասնության կողմից: Նշվեց, որ ընտրակարգերը տարբերակելու իմաստը ոչ այնքան նրանում է, թե որոնք են դրանց առանձնահատկություները կամ նրանց համեմատական առավելություններն ու թերությունները, դա իմաստ ունի կատարել կայացած ժողովրդավարության պայմաններում, այլ նախ եւ առաջ նրանում, թե ինչպիսի դեր են կատարում այդ ընտրակարգերը ժողովրդավարության հաստատման, իշխանությունների լեգիտիմությունը, խորհրդարանի ներկայացուցչականությունը ապահովելու եւ հասարակական կայունությունն ամրապնդելու գործում: Քանզի, առանց ժողովրդավարական ընտրությունների չկա ժողովրդավարություն: Հետեւաբար, գրեթե 100% հաղթանակ իշխող ուժին ապահովող ընտրակարգով անհնար է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ: Սա է, ըստ Արմեն Ռուստամյանի, հարցի սահմանադրական եւ իրավական համատեքստը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հիմնական ելույթում հայտարարեց, թե համամասնական ընտրակարգին անցնելու հարցում հայաստանյան քաղաքական ուժերը միակարծիք են, դեմ է միայն ՀՀԿ-ն: Անդրադառնալով միջազգային փորձին` նա ընդգծեց, որ ժողովրդավարության կենտրոններ Շվեդիան եւ Դանիան միապալատանի են եւ ամբողջությամբ համամասնական: Պարոն Հակոբյանը հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ իրենք երկու տարի շարունակ այլընտրանքային օրենսգիրք են առաջարկել:

Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ ցանկացած ընտրական համակարգ պետք է երկու գլխավոր խնդիր լուծի` ապահովի ձեւավորվող մարմնի ներկայացուցչական բնույթը եւ այդ մարմնի գործունեության արդյունավետությունը: Ըստ նրա` երկու գլխավոր խնդիրները դրված են ցանկացած ընտրական համակարգի առջեւ: «Ո՞ր ընտրական համակարգն է դրանք ապահովում: Եվ համամասնականը, եւ մեծամասնականը, յուրաքանչյուրն ունի 100-ից ավելի տարատեսակ»,-ասաց նա: Ըստ Հրայր Թովմասյանի` այն, որ մեծամասնական ընտրական համակարգը նպաստում է պառլամենտական կայուն մեծամասնության ձեւավորմանը, գաղտնիք չէ: «Մենք մի առանձնահատկություն ունենք` բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ոչ երբեք իրենց: Այստեղ համակարգին ենք մեղադրում, իսկ միգուցե մեղավորները հենց քաղաքական ուժերն են, որոնք ունեն քաղաքական լիդերներ մեկ, երկու, երեք հոգի, որոնք քաղաքական գործընթացում շոգեքարշի էֆեկտ են առաջացնում, եւ այդ մեծ տոկոսը քվեարկում է այս կամ այն ուժի օգտին, որովհետեւ ինքը բացի առաջին եռյակից  ուրիշ ոչ ոքի չի տեսել: Մի քիչ էլ կուսակցությունները պետք է մտածեն, որ տեղական հզոր դեմքեր պետք է ունենան, որոնք կարողանան մեծամասնականով պայքարել: Գաղտնիք չէ, որ մեծամասնականով հաղթում են հզոր, ուժեղ կուսակցությունները»,-ասաց նա:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ընտրական համակարգի ընտրությունը բնավ չեզոք բան չէ քաղաքական համակարգում, եւ օրենսդիրը պետք է ձգտի ընտրել լավագույն տարբերակը: Բայց բազմաթիվ ուսումնասիրողներ, նրա խոսքով, հանգել են նրան, որ լավագույն տարբերակ գոյություն չունի: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ օրինագիծը խնդիր ունի Սահմանադրության հետ, քանի որ աշխարհի բոլոր երկրներում ընտրական իրավունք ունի անձը, ոչ թե կուսակցությունը, այսինքն` ընտրելու եւ ընտրվելու իրավունք: Կուսակցությունները, իհարկե, ունեն իրենց դերակատարությունը, քանի որ դրանք ժողովրդի քաղաքական կամքին նպաստող գործիք են: Պարոն Հարությունյանի խոսքով` համամասնական ընտրակարգը կգործի, երբ գործ կունենանք բաց ընտրական ցուցակների հետ: Բայց նման ցուցակների հաշվարկի համակարգը շատ դժվար է: Բարդությունը բերում է նաեւ վերահսկողության բարդության: Ծագում է մրցակցություն ոչ միայն տարբեր քաղաքական ուժերի միջեւ, այլեւ ներկուսակցական: Բացի այդ, ցուցակներում սկսում է գործել շոգեքարշի սկզբունքը, երբ ցուցակում հայտնվում են մարդիկ, ովքեր մեծ հեղինակություն ունեն, բայց քաղաքական դեմքեր չեն: Նշվեց, որ նրանք հաճախ հետագայում հրաժարական են տալիս եւ ԱԺ-ում հայտնվում են այլ մարդիկ: Էապես թուլանում է նաեւ կապը ընտրողի եւ ընտրված պատգամավորի միջեւ, ԱԺ-ում էլ հայտնվում են մանր կուսակցություններ: «Իմ ասածը չի նշանակում, որ մեծամասնական ընտրակարգը զուրկ է թերություններից»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
 
 

Իրենց ելույթներում ԱԺ պատգամավորներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անդրադարձան 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու նպատակահարմարությանը: Մեծամասնական ընտրակարգին դեմ արտահայտվեցին ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Լյովա Խաչատրյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ընտրություններին ընդառաջ նման հարցին անցնելը ճիշտ չէ` պարոն Մարտիրոսյանն ընդգծեց, որ ընդունման պահից եւեթ օրենքը կարող է կիրառվել: Նշելով, որ ԲՀԿ ծրագրում թեեւ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ դրույթ կա, սակայն այս պահին դրան անցնելը ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը ժամանակավրեպ է համարում: Նրա գնահատմամբ` մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը քաջատեղյակ է իր ընտրողների խնդիրներին: ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանն էլ կարծիք հայտնեց, որ մեծամասնականի վերացմամբ վերջ կդրվի ընտրական կոռուպցիային: ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով այն դիտարկումներին, թե մինչեւ ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել ու խաղի կաննոները փոխել պետք չէ, ասաց, որ մեկ տարի առաջ, երբ քննարկվում էր այս հարցը, այդ ժամանակ էլ առաջարկը մերժվեց: Նա նաեւ նշեց, որ այն երկրներում, որոնք ամենաառաջինն են անցել խորհրդարանական համակարգին, մեծամասնական ընտրակարգը կար, բայց հետագայում բոլոր եվրոպական երկրներն անցել են համամասնական ընտրակարգին: ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ մեծամասնական ընտրատարածքները քչացնելու վերաբերյալ առաջարկ կա նաեւ Հայաստանի վերաբերյալ ընդունված միջազգային փաստաթղթերում: «Թե համամասնական, թե մեծամասնական ընտրակարգերը ունեն առավելություններ, կարեւորը արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելն է»,- նման կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը մեծամասնական ընտրակարգը պահպանելու կողմնակիցներին առաջարկեց դիմել ժողովրդին` պարզելու, թե որ ընտրակարգով են ցանկանում, որ անցկացվեն ընտրությունները: ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ քաղաքական ուժերի համար հասկանալի է եղել, որ պետք է փոքրացնել մեծամասնականի տոկոսը խորհրդարանում եւ համապատասխանաբար համամասնականինը մեծացնել, սակայն այս քայլը այժմ անհնար է իրականացնել, քանի որ 41 մեծամասնականը ապահովում է մեր ամենափոքր վարչատարածքային միավորի` Վայոց ձորի համար ընդամենը մեկ մեծամասնական պատգամավոր: Անդրադառնալով այն առաջարկին, թե պետք է 11 մեծամասնական տեղ հատկացնել` նա նշեց, որ դա կհակասի ՀՀ Սահմանադրությանը: Իսկ մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ առաջարկով պարոն Մինասյանը կարծում է, որ ընտրողները կզրկվեն ներկայացուցիչներին խորհրդարանում տեսնելու հնարավորությունից:

100 տոկոս համամասնական ընտրակարգի  անցնելու նախաձեռնությանը կողմ արտահայտվեցին Պարույր Հայրիկյանը, Լարիսա Ալավերդյանը, Ռուբեն Գեւորգյանը, Արամ Հարությունյանը, Հրաչյա Սարգսյանը, Լիլիթ Գալստյանը, Զարուհի Փոստանջյանը, Արտյուշ Շահբազյանը,  Վարդան Բոստանջյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Թորոսյանը:  Ելույթ ունեցողները հիմնականում նշում էին այն բացասական երեւույթները, որոնք, ըստ իրենց` հետեւանք են մեծամասնական ընտրակարգի: Որպես օրինակ  նշվում էր, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների փոքր տոկոսն է, որ զբաղվում է խորհրդարանական աշխատանքով կամ կապ է պահում ընտրողների հետ:  Պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի համոզմամբ` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը կնպաստի կուսակցությունների խոշորացմանը, ինչին իր անհամաձայնությունը ամփոփիչ խոսքում հայտնեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադառնալով միջազգային փորձին` նկատեց, որ բազմաթիվ` շուրջ 150 երկիր խորհրդարանական ընտրություններն իրականացնում են համամասնական ընտրակարգով:

 Պատգամավոր Զարուհի Փոստանջանն էլ կարծում է, որ մեծամասնական ընտրակարգը չի նպաստում ժողովրդավարության կայացմանը, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից շատերի կապն ընտրողների հետ իրականացվում է որոշ մարդկանց սոցիալական խնդիրների լուծմամբ:

Պատգամավոր Արտյուշ Շահբազյանը  նշեց այն հանգամանքը, որ դեռեւս 2008 թվականին համամասնական ընտրակարգով տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրությունները, եւ հարց բարձրացրեց, թե ի՞նչն է խանգարում  խորհրդարանական ընտրությունները նույնպես այդ ընտրակարգով անցկացնելուն:

  Պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով էլ` ՀՀ Սահմանադրությունը չի խախտվի, եթե անցում կատարվի 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս համոզված էր, որ անհրաժեշտ է անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, քանի որ մեծամասնական ընտրակարգն անարդյունավետ է, իսկ այդ ընտրակարգով ընտրված պատգամավորների փոքր տոկոսն է ակտիվ խորհրդարանական աշխատանքներում:

Հնչեցին նաեւ բազմաթիվ ելույթներ, որոնց հեղինակները պաշտպանում էին հակառակ տեսակետը: Մասնավորապես այդ տեսակետն ունեին պատագամավորներ Մկրտիչ Մինասյանը,  Արտակ Դավթյանը, Արա Սիմոնյանը, Հովհաննես Սահակյանը, ինչպես նաեւ քննարկման այլ  մասնակիցներ, ովքեր հարցը դիտարկում էին այլ տեսանկյուններից:

Մասնավորապես, ըստ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի`  մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների պատասխանատվությունը շատ մեծ է ընտրողների առաջ, եւ չպետք է 1-2  պատգամավորի աշխատանքի անարդյունավետության օրինակը նկատի ունենալով` սեւացնել բազմաթիվ լավ աշխատող   պատգամավորների անունը:

Պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադառնալով   քննարկման մասնակիցների մատնանշած արատավոր երեւույթներին, որոնք նրանց համոզմամբ հետեւանք են մեծամասնական ընտրակարգի` նկատեց, որ դրանք  կան, սակայն այդ երեւույթները  բնորոշ են ընդհանուր ընտրական համակարգին, եւ մեծամասնական ընտրակարգի վերացմամբ  այդ արատավոր երեւույթները չեն վերանա:

Պատգամավոր Արա Սիմոնյանն անհասկանալի համարելով հարցի շուրջ բարձրացված աղմուկը` կարծիք հայտնեց, որ սա նախընտրական PR է, քանի որ մեկ տարի առաջ, երբ քննարկվում էին  Ընտրական օրենսգրքի վերաբերյալ փոփոխությունները, հարցի վերաբերյալ  քննարկումներն ավելի հանդարտ են եղել:

Պատգամավոր Հովհաննես Սահակյանը  կարեւորեց մեծամասնական ընտրակարգը եւ դրանով պայմանավորված` տարածքների ներգրավվածությունը:

Քննարկման մասնակից, իրավագետ Պուշկին Սերոբյանը նկատեց, որ  գործող ընտրակարգը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ,  ուստի այս պահին հնարավոր չէ օրենքի փոփոխությամբ անցնել այլ ընտրակարգի: Նրա կարծիքով` մեր երկիրը չպետք է բացառի մեծամասնական ընտրակարգը:

Ամփոփելով  խորհրդարանական լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անդրադարձավ քննարկման ընթացքում հնչած կարծիքներին եւ բարձրացված հարցերին, տվեց սպառիչ պատասխաններ: Տեղեկացնելով, որ դեմ են լինելու այս նախաձեռնությանը, Դավիթ Հարությունյանը նկատեց, որ այնուամենայնիվ,  մեր երկրում գործող ընտրական համակարգը եւս կատարյալ չէ,  եւ  նրա խոսքով` «Ժամանակն է վերաիմաստավորել մեզանում առկա քաղաքական համակարգը, քաղաքական կուսակցությունների ձեւավորման սկզբունքները, եւ միգուցե` մտածենք շատ ավելի խորը, արմատական քաղաքական ռեֆորմի մասին: Իհարկե, դա պահանջելու է ժամանակ, ես չեմ բացառում, որ դա  պահանջելու է նաեւ սահմանադրական բարեփոխումներ, բայց այն, որ խնդիրն արդիական է` դա միանշանակ է: Որեւէ տնտեսական բարեփոխում չի կարող հավերժ շարունակվել, եթե այն երաշխավորված չէ քաղաքական բարեփոխումներով: Եվ քաղաքական բարեփոխումների պահը կարծում եմ վրա է հասել, եւ սա այն գործն է, ինչին ձեռնամուխ կլինի մեր հաջորդ խորհրդարանը»:

Պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց օրինագծի հեղինակներին եւ մասնակիցներին` կարեւոր հարցի նախաձեռնության եւ բուռն քննարկման համար:
 
 
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am